ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» և «ՔԱՋ ՆԱԶԱՐ» ՍՏԵՂԾԱԾ ՄԻ ԵԶԱԿԻ ՀԵՂԻՆԱԿ ՈՒՆԻ, ՈՐԻ ՏԵՂԸ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ Է»

«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» և «ՔԱՋ ՆԱԶԱՐ» ՍՏԵՂԾԱԾ ՄԻ ԵԶԱԿԻ ՀԵՂԻՆԱԿ ՈՒՆԻ, ՈՐԻ ՏԵՂԸ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ Է»
15.10.2010 | 00:00

«Ի վերջո, պիտի ունենանք Դերենիկ Դեմիրճյանի մեծությանը վայել թանգարան և կարողանանք արժանապատվորեն ներկայացնել այն»։ Ավելի քան մեկ տարի առաջ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ այս հայտարարություն-բողոքն այսօր նոր եզրեր է ստանում: Մեկ դասականի օրինակով բացահայտում ենք մեր վերաբերմունքը սեփական արժեքների նկատմամբ:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը վաղուց հիմնանորոգման կարիք ունի: Ըստ Կարինե Ռաֆայելյանի` դա առանձնապես մեծ ծախսեր չի պահանջում, բնակարանը փոքր է, բայց միջոցներն «անվերջ» չեն հերիքում: Սա դեռ բոլորը չէ. թանգարանի տեղը նախանշող հուշասյունը խնամքով ծածկել են վաճառակետերը, պատկերն ավելի են ամբողջացնում տուն-թանգարանի պատուհանների տակ դրված աղբամանները: Իսկ բոլորովին վերջերս «հերթական աղետը գրանցվեց Դերենիկ Դեմիրճյանի ճակատագրում»: Երևանի քաղաքային պանթեոնից անհետացել է Դերենիկ Դեմիրճյանի շիրմաքարին ամրացված բրոնզե կիսանդրին: Եթե նախկինում մոտ երկու մետր բարձրություն ունեցող շիրմաքարը հուշում էր անվանի գրողի շիրմի տեղը, հիմա այն կգտնեք մեծ դժվարությամբ: Կիսանդրին չկա, շիրմաքարը ջարդված է, վրան բույն են հյուսել թռչունները: Վանդալիզմը մեզանում դարձել է, կարծես, սովորական երևույթ: Կարինե Ռաֆայելյանը դեպքի շուրջ մեծ աղմուկ բարձրացրեց` հասարակության ուշադրությունը բևեռելով նաև մյուս թալանված շիրիմներին` Հրաչյա Աճառյան, Վաղարշ Վաղարշյան, Սիփան Շիրազ, Երվանդ Քոչար… Նշվածների դեպքում գողացել են մետաղյա տարբեր դետալներ` բրոնզե խաչ, դափնեպսակի մետաղյա տերևներ և այլն: Կարինե Ռաֆայելյանի խոսքով` գողերի համար ամենագայթակղիչը Դերենիկ Դեմիճյանի կիսանդրին է եղել, որովհետև ամենածանրն էր, կշռել է շուրջ 300 կգ: «Այդքան ծանր կիսանդրին հնարավո՞ր է առանց աշխատակիցների իմացության դուրս հանել»,- հարցնում է նա: Լրագրողների հետ հանդիպմանը ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ կատարվածը որակեց սրբապղծություն: «Հասել ենք խաչագողերի հասարակության մակարդակին, այնքան անտարբեր ենք դարձել, որ նեխած ջրի մրուրը փառակալում է մեր բարոյականությունը, խիղճը, արժեքային համակարգը: Կատարվածը դիակապտության յուրօրինակ դրսևորում է, չգիտես ո՞ւմ մեղադրես։ Ինչպե՞ս հասանք այս խայտառակ վիճակին: Պիտի անհանդուրժողության մթնոլորտ ձևավորվի, որ վաղն էլ եկեղեցիների խաչերը, սպասքը չտանեն»,- ասաց ՀԳՄ նախագահը, նկատեց նաև, որ գերեզմանատներից մետաղյա դռների, պարիսպների, կիսանդրիների հաճախակի դարձած կողոպուտը խոսում է հմտորեն գործող բանդայի մասին: Ըստ նրա` ոստիկանության թիվ մեկ խնդիրն է բացահայտել և արմատախիլ անել այդ երևույթը: Օգտագործելով այս ոչ հաճելի առիթը` ՀԳՄ նախագահը բարձրացրեց անվանի գրողի աճյունի վերաթաղման հարցը. «Դեմիրճյանը 1956-ին խորհրդային շրջանում չգնահատվեց ըստ արժանվույն և իր վերջին հանգրվանը չգտավ Կոմիտասի պանթեոնում: Այսօր էլ, այն մշակույթի գործիչների փոխարեն, ովքեր արժանիորեն պիտի լինեն հայոց մեծերի պանթեոնում, քաղաքական գործիչների աճյուններն են այնտեղ հանգրվանում: Ժամանակի անվանի գործիչների համար կարող են քաղաքական գործիչների պանթեոն հիմնել»: «Մեկ տարի առաջ այս հարցը բարձրացրեց բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը` կոչ անելով մեզ սկսել այդ պայքարը: Պարզապես Դեմիրճյանն իր հիշատակի նկատմամբ հարգանքի իմաստով ոչ բախտավոր գրողներից է, անգամ նոր ցուցադրություն ունենալու և տուն-թանգարանի վերանորոգման հրատապ հարցն է չլուծված մնում,- ասաց Կարինե Ռաֆայելյանը:- Մեր ժողովուրդը «Վարդանանք» և «Քաջ Նազար» ստեղծած մի եզակի հեղինակ ունի, որի տեղը, անշուշտ, Կոմիտասի անվան պանթեոնում է»: Կարինե Ռաֆայելյանն անդրադարձավ նաև մեկ այլ խնդրի: «Դերենիկ Դեմիրճյանի շիրմին երկու մետրանոց փշեր էին աճել, խոտերը ծղոտի էին վերածվել, տակը մի քանի շերտ նեխած, ջրակալած խոտի ցողուններ կային` չգիտես որ թվից մնացած: Բոլոր մեծերը չեն, որ հուղարկավորված են Կոմիտասի պանթեոնում, գուցե ունեն հարազատներ, որ ինչ-ինչ պատճառներով հաճախ չեն այցելում իրենց հարազատի շիրմին, կամ ընդհանրապես հարազատ չունեն: Բայց չէ՞ որ դա քաղաքային պանթեոն է, և քաղաքային իշխանությունները, պանթեոնի աշխատակազմը ունեն հոգ տանելու պատասխանատվություն»: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը պարբերաբար, մանավանդ, հոբելյանական տարիներին, կազմակերպում է երթ, վերջին այցելությունը եղել է 2007-ին` գրողի 130-ամյակի կապակցությամբ:
Ո՞վ է լինելու հաջորդ զոհը, կամ ի՞նչ երաշխիք, որ վերանորոգված շիրիմը որոշ ժամանակ անց նույն բախտին չի արժանանա։ Այս հարցերը մնում են անպատասխան: Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, բայց գաղտնիք չէ, որ կորած քանդակները, որպես կանոն, չեն գտնվում, հարուցված գործերն էլ կասեցվում են` կասկածյալների բացակայության պատճառով: Խաչագողեր միշտ են եղել, բայց գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանի կարծիքով` այսօրվա խաչագողերը հայրենիք են գողանում, հայրենիքը կողոպտվում է բոլոր առումներով: Իր խոսքը նա սկսեց Իսահակյանի խոսքերով. «Ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով»… Ասենք, անտեր շիրիմներ են, բայց չէ՞ որ շիրիմ է պղծվում: Դարերի միջով անցած ազգը բարոյազրկվում է»: Հրաչյա Մաթևոսյանը ցավով նկատեց հերթական խայտառակությունը. պանթեոնի մոտ դելֆինարիում է կառուցվում, սովոր ենք տեսնել պանթեոնից, հերոսների ծառուղուց մոտ երեսուն-հիսուն մետր հեռավորությամբ կառուցված ռեստորաններ: «Մենք իրավունք չունենք նեղանալու թուրքերից, ադրբեջանցիներից` մեր մշակութային արժեքները ոչնչացնելու համար: Մենք ինքներս ենք նրանց սովորեցնում»,- ասաց գրող-հրապարակախոսը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Տխուր զուգադիպություն. օրերս Ախալքալաքում ջարդել են Դերենիկ Դեմիրճյանի անվան հայկական դպրոցի ցուցանակը: Դպրոցն այժմ միայն համար ունի:

Դիտվել է՝ 4666

Մեկնաբանություններ